Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հռոմի պապի Հայաստան այցից կշահի Գյումրին

Հռոմի պապի Հայաստան այցից կշահի Գյումրին
20.05.2016 | 12:57

Գյումրու Վարդանանց հրապարակում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցելիք պատարագին սպասվում է 20-25 հազար հավատացյալի ներկայությունը:
Պատարագին մասնակցելու համար Հայաստան կժամանի 3000 ուխտավոր: Հունիսի 24-ին Հայաստան ժամանող Հռոմի պապը ինքն է ցանկություն հայտնել ամենամեծ կաթոլիկ համայնք, նաև առաջնորդանիստ մայր եկեղեցի ունեցող քաղաքում պատարագ մատուցել: Նա հաշվի է առել, որ Հայաստանի երկրորդ քաղաքը նաև ամենաաղքատն է:

Ֆրանցիսկոս պապը «Աղքատների պապ» տիտղոսն ունի, և Գյումրու կաթոլիկ եկեղեցում կարծում են, որ պապի այցը հնարավորություն կտա կրկին բարձրաձայնելու աղետի գոտու խնդիրների մասին: «Նա շատ լավ գիտե՝ Գյումրին ինչ սոցիալ-տնտեսական վիճակի մեջ է, և ինքը, լինելով նաև աղքատասեր պապ, որոշեց գալ և լինել այս աղքատ տարածաշրջանի ժողովրդի հետ: Համաշխարհային մամուլը այդ օրերի ընթացքում լինելու է Գյումրիում, և արդեն իսկ կան մի շարք լրատվամիջոցներ, որոնք աշխատում են Գյումրիում՝ նպատակ ունենալով պատրաստվել պապի այցելությանը և ցույց տալու նաև Գյումրու սոցիալական վիճակը»,- «Ազատության» հետ զրույցում ասել է տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը: Ֆրանցիսկոս պապը Հայաստան է գալիս «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով, և այժմ կաթոլիկ եկեղեցին զբաղված է նախապատրաստական աշխատանքներով: «Արդեն իսկ նախագծվում և կառուցվում է բեմը, որի վրա պատարագ է մատուցվելու: Նաև հրավիրատոմսերի, հյուրերին ընդունելու մասին է մտածվում»,- պատմեց տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը: Վարդանանց հրապարակի մուտքը լինելու է հրավիրատոմսերով: Հռոմի պապի անվտանգությունն ապահովելու են ՀՀ նախագահի անվտանգության աշխատակիցները, և նախագահի աշխատակազմն էլ համակարգում է պապի այցի նախապատրաստական աշխատանքները: Սրբազան քահանայապետը պատարագից հետո այցելելու է Գյումրիում գործող «Տիրամայր Հայաստան» կուսաստան: Դեպի կուսաստան ճանապարհը խիստ անմխիթար վիճակում է, և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հույս ունի, որ Շիրակացի փողոցի քարուքանդ հատվածը կասֆալտապատի կառավարությունը: «Սա նույնպես քաղաքին օգուտ կլինի, մոտավորապես 1,5 կիլոմետր ճանապարհ է: Մենք այդպիսի գումարներ չունենք, դա լուրջ գումար է, դա երևի կլինի 250 միլիոն, ես ո՞նց կարող եմ էդպիսի գումարներ տալ»,- արդարացել է քաղաքապետը:

Ֆրանցիսկոս պապի այցից քաղաքը կշահի, որոշ փողոցներ արտահերթ կբարեկարգվեն: Քաղաքապետը հիշեց՝ մեկ էլ 2013-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ կառավարությունը գումար հատկացրեց փողոցներ բարեկարգելու համար: Ֆրանցիսկոս պապը կայցելի նաև Հայ առաքելական Սուրբ Յոթվերք եկեղեցի: «Սրբազան Քահանայապետն իր այցով խաղաղության պատգամ կբերի տարածաշրջան»,- ասաց կաթոլիկ եկեղեցու առաջնորդարանի տեղեկատվական համակարգի պատասխանատու տեր Հովսեփ քահանա Գալստյանը՝ հավելելով. «Ճիշտ է, պապը քաղաքական գործիչ չէ, պապի այցերը երբեք չեն ունեցել քաղաքական նպատակներ, և որպես խաղաղության հզորագույն մունետիկ, աշխարհի խղճի ձայն, որը միշտ արձագանք է ունեցել աշխարհում, պապի այցը կարող է ունենալ շատ հեռուն գնացող և դրական պտուղներ: Նաև հաշվի առնենք, որ ընդամենը մի քանի ամիս հետո` սեպտեմբերին, պապը պիտի այցելի Ադրբեջան: Եվ հնարավոր է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը կարողանան պապի խոսքի հիման վրա թևակոխել այլ փուլ»: Եռօրյա այցի շրջանակներում Հռոմի պապը կայցելի Մայր Աթոռ, կլինի Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերի թանգարանում, Գյումրի այցից հետո պատարագ կմատուցվի Երևանում, իսկ այցի ավարտին Հռոմի պապը և Ամենայն հայոց կաթողիկոսը կստորագրեն Համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր վիրապի վանքում:

Դիտվել է՝ 1927

Մեկնաբանություններ